ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի վերաբերյալ ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական արձագանքը
Ղեկավարվելով մեր տոկուն ժողովրդի նկատմամբ Գազայի հատվածում իրականացվող ագրեսիան և ցեղասպանությունը դադարեցնելու ձգտումով՝ ելնելով ազգային պատասխանատվությունից և մեր ժողովրդի անփոփոխ սկզբունքների, իրավունքների ու բարձրագույն շահերի նկատմամբ հոգատարությունից՝
Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը իր ղեկավար կառույցներում իրականացրել է համակողմանի խորհրդակցություններ, ինչպես նաև ծավալուն քննարկումներ՝ պաղեստինյան ուժերի և ֆրակցիաների, միջնորդ երկրների և բարեկամ կողմերի հետ,
որպեսզի ձևավորի պատասխանատու դիրքորոշում՝ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի պլանի վերաբերյալ։
Հարցի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո շարժումը կայացրել է իր որոշումը և միջնորդ կողմերին փոխանցել հետևյալ պատասխանը․
«Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը իր երախտագիտությունն է հայտնում արաբական, իսլամական և միջազգային բոլոր ջանքերին, ինչպես նաև ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնք միտված են Գազայի հատվածի դեմ պատերազմի դադարեցմանը, գերիների փոխանակման իրականացմանը, անհապաղ մարդասիրական օգնության տրամադրմանը, Հատվածի օկուպացիայից հրաժարվելուն և մեր պաղեստինյան ժողովրդի իր հայրենի հողից բռնի տեղահանումը կանխելուն։
Այս համատեքստում՝ ելնելով պատերազմի դադարեցման և օկուպացիոն ուժերի Գազայի հատվածից լիակատար դուրսբերման նպատակից, շարժումը հայտարարում է իր համաձայնությունը՝
ազատ արձակելու բոլոր օկուպացիոն ռազմագերիներին՝ թե՛ կենդանի, թե՛ զոհվածների մարմինները,
ըստ Թրամփի առաջարկության մեջ նշված փոխանակման պայմանների՝ ապահովելով դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանները։
Այս կապակցությամբ շարժումը հաստատում է իր պատրաստակամությունը՝ միջնորդների միջոցով անմիջապես մեկնարկելու բանակցություններ՝ համաձայնագրի իրագործման մանրամասները քննարկելու համար։
Բացի այդ, շարժումը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝
Գազայի հատվածի կառավարումը փոխանցելու պաղեստինյան մարմնին, որը կազմված կլինի անկախ մասնագետներից (տեխնոկրատներից)՝
հիմնված համապարփակ պաղեստինյան կոնսենսուսի վրա և արաբական ու իսլամական երկրների աջակցությամբ։
Ինչ վերաբերում է նախագահ Թրամփի առաջարկում հիշատակված այլ հարցերին՝ որոնք վերաբերում են Գազայի հատվածի ապագային և պաղեստինյան ժողովրդի անքակտելի իրավունքներին, ապա դրանք քննարկման ենթակա են համապարփակ պաղեստինյան ազգային համաձայնության շրջանակներում, որտեղ ՀԱՄԱՍ-ը կմասնակցի և իր պատասխանատու ներդրումը կունենա՝ ղեկավարվելով միջազգային իրավունքի նորմերով և համապատասխան բանաձևերով։
Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ
Ուրբաթ, 2025 թվականի հոկտեմբերի 3
Արա ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից